Նա մեր կապող օղակն էր, «սոսինձ»-ը, լույսը. երեկ զոհված Ռուդիկի մասին պատմում է ընկերը

«Ռուդիկը մեր քաղաքի՝ Ալավերդու լույսն էր: Որտեղ միջոցառում կամ կարևոր իրադարձություն լիներ, նա կենտրոնում էր: Ինքն էր կազմակերպում, բազմաթիվ խմբակներ էր հաճախում ու բոլոր տեղերում էլ մեծ հաջողություններ ուներ: Երգում էր, ասմունքում, ստեղծագործում»:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում երեկ Վարդենիսի սահմանային հատվածում զոհված 19-ամյա Ռուդիկ Ղարիբյանի մասին պատմում է նրա ընկերներից Նարինե Մուրադյանը:

Ալավերդիում դպրոցն ավարտելուց Ռուդիկ Ղարիբյանն ընդունվել է քոլեջ և սովորել բանկային գործ բաժնում: Այնուհետև ընդունվել է Վանաձորի պետական համալսարանը: Նախորդ տարվա ամռանը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է, որպեսզի կարողանա ընտանիքին օգնել: Նա նաև 4 տարի անդամակցել է Ալավերդի քաղաքի Վիքիակումբին:

«Վիքիպեդիայում հիմնականում հայտնի ու հարուստ մարդկանց մասին էր գրում, ու ինքն էլ էր ձգտում հաջողություններ ունենալ: Վիքիակումբը, որ բացեցինք, առաջին այցելուներից էր: Երբ գնաց բանակ, Վիքիպեդիայի իր էջի գաղտնաբառը խնդրեցի, որ մյուս ակումբականների հետ իր համար հոդվածներ գրենք՝ էջը ակտիվ մնալու համար՝ մինչև բանակից գար և շարունակեր»,- պատմում է Նարինեն:

Ծառայության անցնելուց հետո էլ Ռուդիկն ակումբն ու ընկերներին չի մոռացել: Հաճախ զանգել է, հետաքրքրվել՝ ի՞նչ է փոխվել ակումբում, արդյոք նոր մասնակիցներ կա՞ն:

Ընկերները նրան վերջին անգամ տեսել են 2021 թվականի հուլիսի 16-ին՝ իր ծննդյան օրը, երբ արձակուրդ է եկել: Իսկ Նարինեի հետ վերջին անգամ խոսել է դեկտեմբերի 31-ին, շնորհավորել Ամանորը:

Կազմակերպված, պատասխանատու, խելացի երիտասարդը կապող օղակ է եղել, ընկերների խոսքերով՝ ակումբի «սոսինձ»-ն էր: Հիմա էլ բոլորին իրար է միացրել: Հարազատները, ընկերները եկել են նրա հետ հանդիպման, որ անկեղծանա երկար-բարակ պատմություններով, ինչպես ժամանակին է գրել. «Ու միգուցե մի օր հանդիպենք նորից՝ դու՝ ժպիտը դեմքիդ, իսկ ես՝ ԵՐԵՎԻ․․․ Ու դու կապրես, իսկ ես՝ ԵՐԵՎԻ․․.»:

Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 12-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը՝ հունվարի 13-ին:

 

Աղբյուրը

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *